ԵԱՀԿ ԺՀՄԻԳ աշխատաժողովը Հայաստանում շեշտում է, որ անհրաժեշտ է իրականացնել քաղաքականության և օրինաստեղծ գործընթացների շուրջ պատշաճ խորհրդակցություն
Օրինաստեղծ գործընթացի թափանցիկությունն ու հանրային մասնակցությունը՝ Ծաղկաձորում 2015թ. հուլիսի 14-15-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված սեմինարի ուշադրության կենտրոնում էին:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության շուրջ քսան ներկայացուցիչներ: Սեմինարի մասնակիցները քննարկեցին օրինաստեղծ գործընթացների շուրջ արդյունավետ, թափանցիկ և հաշվետու հանրային խորհրդակցություններ ապահովելու ուղիները, փորձեցին բացահայտել հանրային մասնակցության և քննարկումների բարելավման ձևերն ու մեթոդները, քննարկեցին խորհրդակցությունների վերաբերյալ միջգերատեսչական համագործակցության բարեփոխումը:
«Հանրային խորհրդատվությունը շատ կարևոր գործիք է՝ խրախուսելու հանրությանը ունենալ իմաստալից ներդրում որոշումների կայացման գործընթացում», - ասաց ԺՀՄԻԳ օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասը. «Եթե հասարակությունը ներգրավված է, իրենց մտահոգությունները կարող են հաշվի առնվել պլանավորման վաղ փուլում, երբ հնարավոր կլինի ավելի հեշտ կատարել փոփոխություններ, և դա կարող է խնայել պետության համար թե՛ ժամանակ և թե՛ ռեսուրսներ»:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն ասաց. «Պատշաճ կազմակերպված և իրականացված հանրային խորհրդակցությունները կօգնեն կառավարությանը ստանալ ավելի շատ տեղեկատվություն, տվյալներ և փաստարկներ, և սահմանել մի շարք այլընտրանքային տարբերակներ, որոնց հիման վրա մենք կկարողանանք կայացնել մեր քաղաքական որոշումները»:
Սա երրորդն էր՝ Հայաստանում օրինաստեղծ գործընթացի տարբեր ասպեկտների վերաբերյալ 2015թ. կազմակերպված չորս թեմատիկ սեմինարներից՝ ԺՀՄԻԳ-ի և Արդարադատության նախարարության միջև անցյալ տարի կնքված պայմանագրով նախատեսված: Առաջին երկու սեմինարները, որոնք տեղի ունեցան այս տարվա սկզբին, անդրադառնում էին քաղաքականության և օրենսդրության մշակման, ինչպես նաև ազդեցության գնահատման հարցերին: Յուրաքանչյուր սեմինարի ընթացքում կատարված առաջարկությունները հետագայում Հայաստանի համար կարգավորիչ բարեփոխումների ճանապարհային քարտեզի մաս կկազմեն՝ ներառելով կոնկրետ և հստակ գործողություններ: