ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ աշխատաժողովը Հայաստանում կարևորում է քաղաքականության և օրինաստեղծ գործընթացների ազդեցության պատշաճ գնահատման անհրաժեշտությունը
![](https://www.osce.org/files/imagecache/10_large_gallery/f/images/hires/f/9/156991.jpg?1517409051)
2015 թ. մայիսի 12-ին և 13-ին Ծաղկաձորում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովի առանցքային թեման էր ազդեցության գնահատումը՝ որպես ավելի լավ օրենսդրություն ձևավորելու արդյունավետ գործիք:
Աշխատաժողովին մասնակցում էին արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության շուրջ 35 ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցները քննարկեցին ուղիներ՝ ապահովելու քաղաքականության վերաբերյալ որոշումների և օրենսդրության մշակման ընթացակարգերի պատշաճ գնահատում: Սեմինարը նաև անդրադարձավ ազդեցության գնահատման հիմնական շահառուներին ներգրավելու ուղիներին:
«Վաղ փուլում օրենքի ազդեցության պոտենցիալի պատշաճ գնահատման շնորհիվ է միայն, որ օրենսդիրները կարող են երաշխավորել, որ այն, ինչ լավ է երևում թղթի վրա, նաև լավ կաշխատի գործնականում», - ասաց ԺՀՄԻԳ օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Էլիս Թոմասը. «Սա լավ, արդյունավետ օրինաստեղծ գործունեության առանցքային տարրերից մեկն է»:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն ասաց. «Ազդեցության գնահատումը կարևոր գործիք է՝ ստանալու բարձր որակի օրենսդրություն՝ քաղաքականության իրականացման բոլոր փուլերում՝ սկսած խնդրի վերլուծության փուլից, երբ տարբեր լուծումներ են գնահատվում, և ընդհուպ մինչև իրավական ակտի կամ նորմի ընդունումը, դրա իրականացման մոնիտորինգը և գնահատումը»:
Այս աշխատաժողովը երկրորդն էր՝ Հայաստանում օրինաստեղծ գործընթացի տարբեր ասպեկտների վերաբերյալ 2015թ. նախատեսված չորս թեմատիկ սեմինարներից՝ ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության նախարարության միջև 2014 թ. ստորագրված պայմանագրի համաձայն: Յուրաքանչյուր սեմինարի ընթացքում արված առաջարկությունները հետագայում կկազմեն Հայաստանի համար կանոնակարգիչ բարեփոխումների ճանապարհային քարտեզի մաս՝ առաջարկելով կոնկրետ և հստակ գործողություններ: