ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ աշխատաժողովը Հայաստանում կարևորում է քաղաքականության մշակման և օրինաստեղծ գործընթացների թափանցիկությունը
Փաստերի վրա հիմնված քաղաքականության ձևավորումը և օրենսդրության մշակումը՝ 2015թ. փետրվարի 23-24-ին Ծաղկաձորում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյանի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպված սեմինարի ուշադրության կենտրոնում էր:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև այլ պետական մարմինների, Ազգային ժողովի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության շուրջ 40 ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկեցին քաղաքականության և օրենսդիր գործընթացի թափանցիկության և հասանելիության բարելավման ուղիները, փոխանակեցին կարծիքներ, թե ինչպես լավագույնս ներգրավել քաղաքականություն մշակողներին և օրենսդիրներին, հասարակությանն ու համապատասխան փորձագետներին օրենսդրության մշակման ընթացակարգերում: Սեմինարը նաև անդրադարձավ քաղաքականության մշակման և օրենսդիր կառույցների հետ համագործակցության խթանման ուղիներին:
«Ծավալուն, ներառական և թափանցիկ քաղաքականության քննարկումները օրենսդրական գործընթացի սկզբում և օրենսդրական գործընթացի լավ պլանավորումը արդյունավետ և իրագործելի օրենսդրության երաշխիքներից են», - ասաց ԺՀՄԻԳ-ի օրենսդիր աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասը:
Հայաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հավելեց. «Այս աշխատաժողովը շատ օգտակար է մեզ համար, քանի որ այն ապահովում է գործնական գործիքներ և գիտելիքներ՝ արդյունավետ դարձնելու օրինաստեղծ գործընթացի քաղաքականության փուլը, և բարելավելու օրենքների մշակման գործընթացներն ընդհանուր առմամբ»:
Սա չորս թեմատիկ սեմինարներից առաջինն էր՝ օրինաստեղծ գործընթացի տարբեր ասպեկտների վերաբերյալ, որոնք կկազմակերպվեն Հայաստանում 2015թ.՝ ԺՀՄԻԳ-ի և Արդարադատության նախարարության միջև 2014թ. ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Յուրաքանչյուր սեմինարի ընթացքում ներկայացված առաջարկությունները հետագայում կկազմեն Հայաստանի կարգավորիչ բարեփոխումների ճանապարհային քարտեզի մաս, որը կտրամադրի բարեփոխումների հստակ գործողությունների նախագիծ: