Մարտահրավեր ստեղծագործ համայնքին ՝ բարձրացնելու կլիմայի փոփոխության և անվտանգության փոխկապակցվածության մասին իրազեկվածությունը ԵԱՀԿ մրցույթի շրջանակներում
ՎԻԵՆՆԱ, 1 սեպտեմբերի 2015թ. - ԵԱՀԿ-ի և «eYeka»-ի` տաղանդավոր ստեղծագործողների գլոբալ համայնքի նախաձեռնությամբ՝ մեկնարկեց միջազգային մրցույթ՝ իրազեկելու կլիմայի փոփոխության հետ կապված անվտանգության ռիսկերի մասին, գտնելու ազդեցիկ պատկեր, որը կհաղորդի կարևոր ուղերձն այն մասին, որ կլիմայի փոփոխությունը մեծացնում է հակամարտության վտանգը:
Մեզ անհրաժեշտ է ձեր ստեղծագործական մտածողությունը՝ մշակելու վառ պատկեր, որը մարդկանց կիրազեկի կլիմայի փոփոխության հետ կապված անվտանգության և հակամարտության ռիսկերի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք մեկ պատկեր, մեկ կարգախոս (tagline) և մեկ կարճ նկարագրություն՝ առավելագույնը երկու էջի սահմաններում:
Մրցանակների ընդհանուր գումարը կկազմի 2000 եվրո՝ երեք լավագույն դիզայնի նախագծերի համար, որից առաջին մրցանակի համար՝ 1000 եվրո, երկրորդ մրցանակի համար՝ 600 եվրո և երրորդ մրցանակի համար՝ 400 եվրո:
Կլիմայի փոփոխությունը ոչ միայն ազդում է շրջակա միջավայրի վրա, այլ նաև «սպառնալիքները բազմապատկում է»՝ մեծացնելով անվտանգության առկա սպառնալիքները և շրջակա միջավայրի սթրեսը: Ավելի ուժեղ մրցակցությունը բնական ռեսուրսների նկատմամբ, ավելի հաճախակի ծայրահեղ եղանակային պայմաններն ու բնական աղետները, սննդամթերքի արտադրության խաթարումը կլիմայի փոփոխության ընդամենը մի քանի հետևանքներից են, որոնք կարող են նպաստել հակամարտություններին և սոցիալական - տնտեսական անկմանը տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 22-ը: Մանրամասն մրցույթի կանոններին և պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ:
ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների և 11 գործընկեր պետությունների քաղաքացիները կարող են մասնակցել մրցույթին: