Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մասնակցում է ԵԱՀԿ և ԵՄ աջակցությամբ կազմակերպված ընտրական դասընթացին
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի, 2013 թ. – Ս.թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի աշխատակազմը և արագ արձագանքման խմբերի փորձագետները այսօր մասնակցեցին ընտրական իրավունքի վերաբերյալ դասընթացին:
Միջոցառումը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ, ներառեց աշխատակազմի մոտ 40 ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավունքների փորձագետներ և իրավաբաններ:
Դասընթացի առաջին մասը տեղի ունեցավ փետրվարի 1-ին: ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները և արագ արձագանքման խմբերի փորձագետները ուսումնասիրեցին ընտրական իրավունքը և ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին ընթացք տալու եղանակները: Արագ արձագանքման խմբերը կազմավորվել են ենթադրյալ ընտրախախտումների գրանցումն ու հղումը տեղում ապահովելու նպատակով:
«Հասարակության համար անհրաժեշտ է տեղեկանալ ընտրական իրավունքի և այլ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների, այդ թվում՝ խաղաղ հավաքների, խոսքի ազատության, արդար դատավարության իրավունքների փոխկապակցվածության մասին: Հուսով եմ, որ այս դասընթացը կնպաստի ՄԻՊ աշխատակազմի` ընտրախախտումների հիմնական տեսակների գնահատման կարողությունների հզորացմանը` ընտրությունների օրն արագ և փորձագիտական արձագանք ապահովելու նպատակով», - նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, փորձագետ Ավետիք Իշխանյանը, ով վարեց դասընթացները:
Դասընթացը նաև նպատակ ուներ աջակցելու ՄԻՊ գրասենյակի և արագ արձագանքման խմբերի փորձագետների աշխատանքի առավել արդյունավետ համակարգմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նաև աջակցել է ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակի գործունեության վերաբերյալ սոցիալական հոլովակի պատրաստմանը, որը հեռարձակվում է փետրվարի 1-ից:
Դասընթացը և սոցիալական հոլովակը 1.7 միլիոն եվրո բյուջե ունեցող Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների հզորացման ծրագրի մաս են կազմում, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ֆինանսավորվում ԵՄ կողմից: