ԵԱՀԿ-ն խթանում է Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ
ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի 2, 2011 թ. – Հայաստանի քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվող կին-թեկնածուների մասնակցության խթանմանն ուղղված աշխատանքներն էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից կազմակերպված կլոր սեղանի քննարկման առանցքում:
Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները քննարկեցին, թե ինչպես կարելի է բարձրացնել կանանց մասնակցությունը քաղաքական կյանքում, ինչպես նաև անդրադարձան կանանց` որպես առաջնորդների, որոշում-կայացնողների և թեկնածուների առաջ քաշելու լավագույն պրակտիկային:
“Կին առաջնորդները կարևոր դեր ունեն առողջ ժողովրդավարական հասարակության և կայուն քաղաքական համակարգերի զարգացման գործում”, նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան: “2012 թ. մայիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ-ն աշխատում է աջակցել երկրին` ազատ և արդար ընտրություններ ապահովելու հարցում: Բացի այդ, որպեսզի ընտրությունները համապատասխանեն ԵԱՀԿ պարտավորություններին, անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն, որպեսզի կանայք հավասարապես և լիարժեքորեն մասնակցեն այս գործընթացին”:
Միջոցառումը ԺՀՄԻԳ-ի շարունակական աշխատանքի մաս է կազմում, որն ուղղված է քաղաքական կուսակցությունների և ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը` քաղաքական կուսակցությունների բազմակարծության և հավասար մասնակցության ԵԱՀԿ պարտավորություններին համահունչ:
“ԺՀՄԻԳ-ը աջակցում է Հայաստանում քաղաքական կուսակցությունների բարեփոխումների գործընթացին` տրամադրելով ԵԱՀԿ տարածաշրջանի առկա ժողովրդավարական կառավարման և քաղաքական ասպարեզում կանանց մասնակցության լավագույն փորձը”, նշեց ԺՀՄԻԳ-ի ծրագրի պատասխանատու Դիանա Դիգոլը:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ հրատարակված «Գենդերային հավասարությունը ընտրված պաշտոնում. վեց քայլից բաղկացած գործողությունների ծրագիր»-ը, որն ուրվագծում է ԵԱՀԿ տարածքում քաղաքական ասպարեզում կանանց մասնակցության ուղղությունները և առաջարկում կոնկրետ ռազմավարություններ` բարձրացնելու կանանց դերը հասարարական կյանքում:
Կլոր սեղանի մասնակիցները նաև անդրադարձան ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակված Հայաստանում քաղաքացիական և քաղաքական մասնակցության գենդերային հարթությունը թեմայով սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքներին:
Կլոր սեղանին կհաջորդի երկօրյա ինտենսիվ ուսուցողական դասընթաց քաղաքական կուսակցությունների կին թեկնածուների համար: Դասընթացի առանցքում կլինեն արդյունավետ ընտրարշավ կազմակերպելու, ԶԼՄ-ների հետ աշխատելու, ինչպես նաև քաղաքական ծրագրեր մշակելու հմտությունները:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 229610/11/12/13, ներքինը` 5406, բջջ.` (091) 436389: