Կիբերանվտանգությունը` ԵԱՀԿ մոդել համաժողովի ուշադրության կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի 2011թ. - Երևանում այսօր մեկնարկած երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովի ընթացքում Հայաստանի մոտ 60 ուսանողներ սկսեցին քննարկել և բանակցել գլոբալիզացված աշխարհում կիբերանվտանգության կարևորության և ԵԱՀԿ հնարավոր գործողությունների շուրջ:
ԵԱՀԿ մոդել համաժողովը սիմուլյացիոն խաղ է, որի ընթացքում ԵԱՀԿ որոշում կայացնող գլխավոր մարմնի` Մշտական խորհրդի աշխատանքը կրկնօրինակվում է ուսանողների կողմից, որոնք խաղում են ԵԱՀԿ մասնակից պետությունների և մարմինների ներկայացուցիչների դերերը: Նախաձեռնության նպատակն է կրթել ուսանողներին ԵԱՀԿ-ի մասին և նրանց հնարավորություն տալ գործնականում անմիջականորեն փորձարկելու միջազգային դիվանագիտության մարտահրավերները:
Այս անգամ, համաժողովի մասնակիցները կքննարկեն և կառաջարկեն մի շարք գործողություններ, որպեսզի լուծեն “Ստվեր” ինտերնետային խմբավորման կողմից առաջացած մարտահրավերը, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը` զգալի վնաս հասցնելով ԵԱՀԿ հիպոթետիկ մասնակից պետություններին` Կարտոնիային, Սայլանդիային և Լոտիկոյին:
“Մեր փոխկապակցված աշխարհում ԵԱՀԿ մասնակից պետությունների մարդիկ և հաստատություններն ամեն հարցում ապավինում են ինտերնետին: Մենք ակնկալում ենք լսել նորարարական գաղափարներ և թարմ տեսակետներ կիբերսպառնալիքներին հակազդելու հնարավոր ուղիների վերաբերյալ. հարց, որը գտնվում է ԵԱՀԿ օրակարգի թիրախում”, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան: “Միևնույն ժամանակ, կիբերհանցագործությունների դեմ պայքարի միասնական մոտեցման ձևավորումը պահանջում է դիվանագիտական և բանակցային հմտությունների կիրառում, որը հանդիսանում է ԵԱՀԿ նախաձեռնության ևս մեկ նպատակ”:
Համաժողովից առաջ մասնակիցներն անցել են հանրային խոսքի և բանակցային հմտությունների դասընթացներ, ինչպես նաև մասնակցել են ԵԱՀԿ-ի, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ու կիբերհանցագործությունների մասին թեմատիկ սեմինարների:
ԵԱՀԿ գործող նախագահի դերը խաղացող Նվարդ Սունունուն ասաց. “Այս սիմուլյացիոն վարժությունը միաժամանակ ծառայում է երեք նպատակի` այն ներկայացնում է ԵԱՀԿ-ի դերը միջազգային հարաբերություններում, տեղեկացնում է երիտասարդներին որոշակի խնդրի մասին և նրանց համար եզակի հնարավորություն է ապահովում սովորելու ու զարգացնելու բանավիճելու, բանակցելու և հանրային խոսքի հմտությունները”:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն անց է կացնում ԵԱՀԿ մոդել համաժողովներ սկսած 2008թ.:
Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության հարցերով պատասխանատու Գոհար Ավագյանին` հետևյալ հեռախոսահամարներով` 229610/11/12/13, ներքինը` 5406, բջջ. 091 436389: