ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը
ԱՂՎԵՐԱՆ, Հայաստան, 17 դեկտեմբերի 2010թ. -- Այսօր Աղվերանում մեկնարկեց թրաֆիքինգի զոհերի ուղղորդման ազգային մեխանիզմի կիրառմանը նվիրված ֆորումը, որ կազմակերպել էր ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո ստեղծված Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս /ԹՊԱՌԿ/ կենտրոնը:
Երկօրյա միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ պետական հաստատություններից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, երեխաների և կանանց պաշտպանության մարզային բաժիններից, աշխատանքի պետական տեսչությունից, զբաղվածության պետական գործակալության ծառայությունից, ոստիկանությունից, միջազգային կառույցներից և հասարակական կազմակերպություններից: Նրանք կքննարկեն միջգերատեսչական համագործակցության և համակարգման բարելավման ուղիները, կանդրադառնան թրաֆիքինգի դեմ պայքարի հետ առնչվող առկա մարտահրավերներին, աշխատանքային միգրացիայի և հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի զոհերին ավելի լավ աջակցություն ցուցաբերելու հարցերին և զոհերի իրավունքները պաշտպանող ռազմավարության մշակմանը: Ֆորումի մասնակիցները նաև կքննարկեն ՀՀ կառավարության կողմից ընդունված Թրաֆիքինգի դեմ պայքարի 2010-2012 թթ ազգային գործողությունների պլանի իրագործման առաջընթացը:
<ԵԱՀԿ երևանյան գրասենյակը արդեն մի քանի տարի է ինչ ակտիվ ներգրավված է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում: Այս ֆորումը վառ ապացույցն է թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային դերակատարների միջև ավելի լավ համագործակցության և իրազեկվացության, որին աջակցել է մեր կազմակերպությունը>, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դորիս Ֆոգլը:
<Շատ կարևոր է կազմակերպել նման լայնամասշտաբ ֆորում, որտեղ թրաֆիքինգի դեմ պայքարին մասնակից համայնքի անդամները կարող են բարձրաձայնել առաջնային խնդիրների մասին և կիսել իրենց փորձը: Մեր կենտրոնի համար սա հնարավորություն է գնահատելու Երևանում և մարզերում մեր կողմից իրականացված երկամյա գործունեության արդյունքները>, ասաց ԹՊԱՌԿ ծրագրի ղեկավար Նազելի Ասրիյանը: <Մենք կշարունակենք մեր աջակցությունը պետական և ոչ պետական կառույցներին` Հայաստանում ազգային ուղղորդման մեխանիզմի ներդրման հարցում` հատուկ ուշադրություն հրավիրելով զոհերի իրավունքների պաշտպանությանը>:
Իր բացման խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, նախարարության, ոստիկանության և այլ դերակատարների համակարգված աշխատանքի արդյունքում Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի իրավիճակի մասին տեղեկությունը ավելի մատչելի և հստակ է դարձել և մշտապես թարմացվում է: <ԹՊԱՌԿ ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները հզորացրել են իրենց կարողությունները մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և զոհերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ>, ասաց Բերիկյանը:
2008թ. նոյեմբերից ԹՊԱՌԿ ծրագիրը աջակցել է թրաֆիքինգի դեմ պայքարող դերակատարներին զոհերի պաշտպանության ավելի արդյունավետ գործող մեխանիզմի ներդնելուն` պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների միջև ավելի սերտ համագործակցության միջոցով, ինչպես նաև խթանելով զոհերի իրավունքները պաշտպանող ռազմավարություն:
Հավելյալ տեղեկատվության համար դիմել Գայանե Տեր-Ստեփանյանին, մամուլի և հանրային տեղեկատվության ավագ օգնական, ԵԱՀԿ երևանյան գրասենյակ: Հեռ.` (+374 10) 22 96 10/ 11/12/13/14 ներքինը` 5407, բջջ. 091 012603: