ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է աշխատաժողով՝ Օրհուսի կոնվենցիայի իրականացման թեմայով
Հայաստանում սահմանադրական և օրենսդրական վերջին զարգացումների համատեքստում Օրհուսի կոնվենցիայի իրականացումը՝ 2016թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանի բնապահպանության նախարարության և «Տնտեսական և իրավական վերլուծությունների կենտրոնի» համատեղ կազմակերպած աշխատաժողովի թեման էր:
Շուրջ հարյուր ներկայացուցիչներ պետական հաստատություններից, միջազգային կազմակերպություններից, տեղական Օրհուս կենտրոններից, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ոլորտի փորձագետներ քննարկեցին Օրհուսի կոնվենցիայի իրականացման իրավական և գործնական մարտահրավերները: Կոնվենցիան սահմանում է հանրության՝ թե ֆիզիկական անձանց և թե նրանց միությունների մի շարք իրավունքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բնապահպանական տեղեկատվության մատչելիությունը, հանրության մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում և արդարադատության մատչելիությունը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը կարևորեց պետության և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերն իր ողջույնի ելույթում:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Կարևոր է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու հանրությանը բնապահպանական հարցերի հետ կապված պատշաճ տեղեկատվության և արդարադատության մատչելիությամբ ընձեռելը: Այս առումով, օրենսդրության համապատասխանությունը միջազգային չափանիշներին նույնպես կարևոր է»:
Աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էր Մարդու իրավունքների պաշտպանի դերը շրջակա միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության ոլորտում, օրենսդրական նախագծերն ու դրույթները՝ կապված բնապահպանական հարցերի շուրջ հանրային քննարկման և իրազեկման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների իրավունքը՝ վիճարկելու առնչվող գործերը դատարանում:
Նաև անդրադարձ կատարվեց հարկային կանոնակարգերին և փոխհատուցման համար ապահովագրական պրակտիկաներին, «Աղտոտիչների արտանետման և տեղափոխման մասին» (ԱԱՏՌ) արձանագրության վավերացման հեռանկարներին, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ու ազգային և միջազգային նորմատիվ պահանջներին համապատասխանության խթանմանը: