ԵԱՀԿ տեղական առաքելությունները նպաստում են կանանց հզորացմանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի՝ մարդկային ոլորտում հանձնառությունների իրականացման շուրջ հանդիպման ընթացքում
Հավասար տնտեսական հնարավորությունները, կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական և հանրային կյանքում և ընտանեկան բռնության դեմ պայքարը՝ ԵԱՀԿ մարդկային ոլորտում հանձնառությունների իրականացման թեմայով հանդիպման կողմնակի միջոցառման շրջանակներում՝ Հայաստանում, Մոլդովայում և Տաջիկստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների կողմից Վարշավայում 2016թ. սեպտեմբերի 28-ին կազմակերպված քննարկման կիզակետում էին:
ԵԱՀԿ դաշտային առաքելությունների և իրենց գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոտ քսան ներկայացուցիչներ փոխանակեցին համայնքային նախաձեռնություններում իրենց փորձը: Հայաստանի, Մոլդովայի և Տաջիկստանի կանանց համայնքային կազմակերպությունների և ռեսուրսային կենտրոնների ներկայացուցիչները փոխանակեցին իրենց՝ մարտահրավերների հայտնաբերման, կանանց տեղական մակարդակով աջակցման և համագործակցության մոտեցումները: Նրանք քննարկեցին ծրագրերը, որոնք ուղղված են խթանելու կանանց դերը տեղական և պետական մակարդակներում, տեղական և պետական քաղաքականության ձևավորման գործընթացներում:
«Մենք հույս ունենք, որ այս բազմակողմ համագործակցությունը կնպաստի հետագա առաջընթացին և կընդլայնի կանանց համագործակցությունը պետական սահմաններից դուրս», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Գուլետտը:
Ռուզաննա Տոռոզյանը և Նվարդ Խաչատրյանը Գորիսի և Մեղրիի Կանանց ռեսուրսային կենտրոններից մասնակցեցին միջոցառմանը և խոսեցին ռեսուրսային կենտրոնների ազդեցության մասին տեղական համայնքներում: Նրանք մանրամասնորեն ներկայացրեցին ջանքերը՝ խթանելու կանանց քաղաքական մասնակցությունը և տնտեսական հզորացումը: «Կանանց տարբեր ծրագրերում ներգրավումը, նոր արտադրանք ստեղծելու հմտությունների կատարելագործումը՝ ինչպիսիք են գորգեր, հուշանվերներ, նրանց սեփական ուժերի նկատմամբ եռանդով ու հավատով է օժտում», - ասաց Տոռոզյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կանանց ռեսուրսային երեք կենտրոններ գործում են Սյունիքի մարզում 2008թ. ի վեր և նոր կենտրոններ են հիմնադրվել Վայոց Ձորի և Տավուշի մարզերում՝ իրականացնելու ծրագրեր՝ ուղղված կանանց առաջնորդության խրախուսմանը, նպաստելու ընտանեկան բռնության դեմ պայքարում ջանքերին և խթանելու կանանց միջև համագործակցությունը: