Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա առթիվ Հայաստանում՝ ԵԱՀԿ աջակցությամբ անցկացվում են բնապահպանական իրազեկման միջոցառումներ
Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվան նվիրված միջոցառումների թվում էին 2016թ. սեպտեմբերի 15-17-ին կազմակերպված բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումներ, դասընթացներ և դպրոցականների համար ուսուցողական շրջագայություններ Խոսրովի պետական արգելոցում:
Միջոցառումը կազմակերպել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ,ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության երևանյան ներկայացուցչությունների հետ համագործակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը նշեց. «ԵԱՀԿ գրասենյակը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի շրջանում բնապահպանական կրթությանը և քաղաքացիական հասարակության բնապահպանական իրազեկվածությանը՝ նպաստելու բնապահպանական խնդիրների շուրջ արդյունավետ որոշումների կայացմանը»:
Խոսրովի պետական արգելոցի շրջակայքի համայնքներից մոտ երկու հարյուր դպրոցականներ մասնակցեցին արշավներին և ընդլայնեցին իրենց գիտելիքները շրջակա միջավայրի պահպանության, բույսերի և կենդանիների էնդեմիկ և հազվագյուտ տեսակների մասին, ինչպես նաև ծանոթացան հատուկ պահպանվող տարածքներում բնության պաշտպանության առանձնահատկություներին:
Օզոնային շերտի և այլ բնապահպանական խնդիրները սեպտեմբերի 16-ին կազմակերպված կլոր սեղան-քննարկման ուշադրության կենտրոնում էին, որին մասնակցեցին շուրջ քսանհինգ ներկայացուցիչ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից, բնապահպանական ՀԿ-ներից, միջազգային կազմակերպություններից, Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնից, Օզոնի ազգային կենտրոնից:
«Միջազգայնորեն ընդունված բնապահպանական օրերի հիշատակումը նպատակ ունի հասարակության ուշադրության կենտրոնում պահել շրջակա միջավայրին առնչվող խնդիրները», - ասաց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: