ԵԱՀԿ-ն Հայաստանում խթանում է կրթությունը իրավական և մարդու իրավունքների ոլորտներում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցեց 2016թ. հունիսի 30-ից հուլիս 9-ը հանրային միջազգային իրավունքի վերաբերյալ ամառային դպրոցի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի վերաբերյալ երկօրյա դասընթացի կազմակերպմանը Երևանում, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում (ՀՌՀ):
Ամառային դպրոցի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի վերաբերյալ դասընթացի ընթացքում քննարկվեցին միջազգային իրավունքի ոլորտում զարգացումները և ապագա իրավաբաններին հնարավորություն տրվեց ըմբռնելու այդ գիտության ճյուղին բնորոշ հիմնական գծերը և վերլուծելու մարդու իրավունքների կարգավիճակը միջազգային համատեքստում:
«ԵԱՀԿ պարտավորություններն ամրագրում են մարդու իրավունքների ոլորտում կրթության հիմնարար բնույթը և հույս ունենք, որ ամառային դպրոցը մեծ հնարավորություն կընձեռնի մարդու իրավունքների առավել լավ պաշտպանության համար արժեքների և հմտությունների ուսուցման և զարգացման համար ողջ երկրում», -ասաց ԵԱՀԿ գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Ռադկա Ռուբիլինան:
Իրավունքի, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ոլորտի շուրջ 35 ուսանողներ գիտելիքներ ստացան միջազգային իրավական շրջանակների և աղբյուրների, մարդու իրավունքների միջազգային իրավունքի տեսության և պրակտիկայի, միջազգային և տարածաշրջանային մակարդակներում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման մեխանիզմների, ներառյալ միջազգային կազմակերպությունների գործունեություն վերաբերյալ:
«Հուսով եմ, որ ամառային դպրոցի և մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացի կազմակերպումը շարունակական նախաձեռնություն կլինի»,- ասաց ՀՌՀ Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը: «Բացի այն, որ ներկայացված թեմաների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, գիտելիքի և գաղափարների փոխանակումն ուսանողների շրջանում մեծ կարևորություն ունի»:
Ամառային դպրոցը և դասընթացը կազմակերպվել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ), Եվրոպայի խորհրդի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ), «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի և ՀՌՀ-ի հետ համատեղ: