ԵԱՀԿ-ն խթանում է օրենքի միասնական կիրառումը և արդարադատության կանխատեսելիությունը Հայաստանում
ԵԱՀԿ աջակցությամբ 2016թ. հունիսի 11-ին և 12-ին Դիլիջանում կազմակերպված ուսուցողական սեմինարի ուշադրության կենտրոնում էին մարդու իրավունքներն ու արդար դատաքննության չափանիշներն՝ արտացոլված ՀՀ վճռաբեկ դատարանի վերջին որոշումներում, որը հանդիսանում է երկրի բարձրագույն դատական ատյան՝ բացառաթյամբ սահմանադրական հարցերի: Սեմինարի նպատակն էր խթանել արդարադատության թափանցիկությունն ու կանխատեսելիությունը և օրենքի միասնական կիրառումը:
Ընդհանուր իրավասության դատարանների և Վերաքննիչ դատարանի մոտ քառասուն դատավորներ և նրանց օգնականներ քննարկեցին Վճռաբեկ դատարանի հիմնական նախադեպային որոշումները՝ կապված մարդու իրավունքների և մինչդատական վարույթում դատական վերահսկողության հետ, անմեղության կանխավարկածը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքն ու արդար դատաքննության այլ երաշխիքներ:
Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ով վարում էր աշխատաժողովն, ընդգծեց, որ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները ոչ միայն ձևավորում են դատական պրակտիկան, այլ նաև ներգործում են քրեական արդարադատության համակարգում ընդհանուր զարգացումների և ընթացիկ բարեփոխումների վրա:
«Այս նախաձեռնությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շարունակական ջանքերի մաս է՝ խթանելու միջազգային լավագույն փորձի և մարդու իրավունքների չափանիշների կիրառումը դատավորների առօրյա աշխատանքում», - ասաց ԵԱՀԿ գրասենյակի իրավաբանական խորհրդատու Մարիա Սիլվանյանը:
Միջոցառումը չորրորդն է աշխատաժողովների շարքում՝ կազմակերպված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Վճռաբեկ դատարանի ու Դատական դեպարտամենտի հետ համատեղ: Ուսուցողական սեմինարների ընթացքում վերապատրաստվել են Երևանից և Հայաստանի մարզերից շուրջ հարյուր մասնակից՝ քրեական իրավունքի դատավորներ և նրանց օգնականներ:
ԵԱՀԿ գրասենյակը Վճռաբեկ դատարանի հետ երկարաժամկետ համագործակցության ընթացքում իր ներդրումն է ունեցել դատական համակարգի անկախության, անաչառության և հմտությունների զարգացման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան որոշումների ընդունման ուղղությամբ: