ԵԱՀԿ-ն համայնքային շահագրգիռ կառույցների համար կազմակերպեց Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ուսուցողական սեմինար
2016թ. մայիսի 17-ից 18-ը և 19-ից 20-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ ոստիկանության և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից Ծաղկաձորում կազմակերպվեց երկու երկօրյա դասընթաց՝ պետական ու ոչ պետական դերակատարների կարողությունների և համագործակցության զարգացման միջոցով ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ:
Դասընթացներին մասնակցեցին Երևան քաղաքի և Գեղարքունիքի մարզի ոստիկանության անչափահասների գործերով և համայնքային ծառայությունների, սոցիալական ծառայությունների, ՏԻՄ-երի երեխաների պաշտպանության ստորաբաժանումների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների և ՀԿ-ների 80 ներկայացուցիչներ: Նրանց բաժանեցին երկու խմբերի և անցկացվեցին առանձին դասընթացներ:
«Ընտանեկան բռնության դեմ պայքարը մշտապես կարևորվել է ԵԱՀԿ օրակարգում, քանի որ այն առնչվում է գլխավորապես մարդու իրավունքների խախտման հետ և հաճախ հանգեցնում է ավելի լուրջ հանցանքների: Ե՛վ ոստիկանությունը, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները կարևոր դերակատարում ունեն ընտանեկան բռնության դեմ պայքարում, այնուամենայնիվ, դրա ամենաարդյունավետ դրսևորումը հնարավոր է միայն համայնքային շահագրգիռ կառույցների համաձայնեցված մոտեցման միջոցով»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Բերնհարդ Ֆրանկլը:
Մասնակիցներին ներկայացվեցին ընտանեկան բռնության սահմանումները, դրա առանձնահատկությունները և տեսակները, տարածված առասպելները, փուլերը: Ակտիվ բանավեճերի և խմբային վարժությունների միջոցով քննարկվեցին հնարավոր զոհերին, ինչպես նաև զոհերի հետ հարցազրույցի վարման հոգեբանական ու վարքային ասպեկտները և մեթոդները: Նաև անդրադարձ եղավ ընտանեկան բռնության ազդեցությանը հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում, բազմաոլորտ արձագանքներին և իրավական կարգավորումներին:
Դասընթացների շարքը ԵԱՀԿ գրասենյակի՝ ընտանեկան բռնության կանխման Ոստիկանության կարողությունների զարգացման ընթացիկ ծրագրի մասն է կազմում: