ԵԱՀԿ գրասենյակը խթանում է քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայ պետական ծառայողների միություն ՀԿ-ի միջև 2016 թ. մայիսի 19-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային քաղաքացիական ծառայության թափանցիկությունը և հաշվետվողականությունը և բարելավել առնչվող օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին՝ կրճատելու հանրային կառավարման մեջ կոռուպցիոն դրսևորումները:
Նախաձեռնությունները կներառեն՝ մասնագիտական կանոնավոր դասընթացներ քաղաքացիական ծառայությունում բարեվարքության սկզբունքների և միջազգային չափանիշների, կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիոն երևույթների բացահայտման և կանխարգելման վերաբերյալ, մարզերում համայնքային ծառայողների դասընթացների և հավաքագրման մրցութային գործընթացի բարեփոխումներ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության բացահայտում և համակարգային բարեփոխումների առաջարկներ:
«Հուսով ենք, որ այս համատեղ նախաձեռնությունը կնպաստի կառավարության ջանքերին՝ իրականացնելու հակակոռուպցիոն ռազմավարությունը և խթանելու արդյունավետ և հաշվետու կառավարում Հայաստանում»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ընդգծեց քաղաքացիական և համայնքային ծառայության համակարգի բարելավման և տեղական իշխանությունների բարեվարքության և հաշվետվողականության խթանման, ինչպես նաև օրենսդրության բարեփոխման գործում սերտ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան և բարձրորակ հանրային կառավարումը երաշխավորելու համար:
Նախաձեռնության հիմքում գրասենյակի աջակցությամբ իրականացված գործունեությունն է՝ քաղծառայողների վերապատրաստմանն ու քաղծառայության համակարգի բարեփոխմանն ուղղված ՝ ներառյալ քաղծառայողների հավաքագրման, վերահսկողության և ատեստատավորման և հանրային կառավարման բարեվարքության խթանմանը հետամուտ ծրագրերը: Քաղծառայողների համար մի շարք դասընթացներ են իրականացվել Հայ պետական ծառայողների միություն ՀԿ-ի կողմից՝ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:
«Մենք ունենք շարունակական համագործակցության լավ պրակտիկա քաղաքացիական և համայնքային ծառայության ոլորտի հետ և ուրախ ենք խթանելու կոռուպցիոն ռիսկերի, շահերի բախման, բարեվարքության վերաբերյալ քաղծառայողների գիտելիքները և մեծացնելու քաղծառայողների ներգործությունը՝ պետության կողմից որակյալ և հաշվետու ծառայություններ մատուցելու գործում»,- ասաց Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը:
2009-2015թթ. ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ 35 տարբեր պետական ծառայություններ ներկայացնող ավելի քան 300 քաղծառայողներ են մասնակցել բարեվարքության, կոռուպցիայիդեմ պայքարի և էթիկայի վերաբերյալ դասընթացներին: