Երևանում ԵԱՀԿ աշխատաժողովի ժամանակ քննարկվել են քվեարկության նոր տեխնոլոգիաները
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից 2016թ. փետրվարի 19-ին Երևանում կազմակերպված փորձագիտական սեմինարը նվիրված էր քվեարկության նոր տեխնոլոգիաների ներդրման միջազգային չափանիշներին ու լավագույն փորձին:
Սեմինարն անցկացվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական աջակցությամբ և նախատեսված էր ընտրական գործընթացների հիմնական շահագրգիռ կողմերի համար, ինչպիսիք են օրինակ՝ կուսակցությունները, Կառավարությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տեղի դիտորդական կազմակերպությունները և իրավապահ մարմինները:
Միջոցառման բացմանը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց.
«Կարծում եմ, որ միջազգային փորձի և Հայաստանի ընտրական գործընթացներում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառմանը նվիրված այսօրվա քննարկումը կօգնի մեզ մշակել մի շարք առաջարկություններ Հայաստանում ընտրական ընթացակարգերն է՛լ ավելի բարելավելու ուղղությամբ»:
ԵԱՀԿ տարածքում իրավական դաշտի և քվեարկության նոր տեխնոլոգիաների կիրառման տարբեր հիմնահարցերի վերաբերյալ փորձագիտական ակնարկը ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ և Տալլինի տեխնոլոգիական համալսարանի Ռագնար Նուրկսեի անվան նորամուծությունների և կառավարման դպրոցի էլեկտրոնային կառավարման պրոֆեսոր, դոկտոր Ռոբերտ Կրիմերը: Զեկույցը ի թիվս այլ հարցերի ներառում էր համապատասխան միջազգային ստանդարտների վերլուծություն, քվեարկության նոր տեխնոլոգիաների ձևերն ու տեխնիկական առանձնահատկությունները: Քննարկվեցին նաև ընտրական շրջափուլի մոտեցման կիրառմամբ քվեարկության նոր տեխնոլոգիաների ներդրման որոշման կետերը:
«Ուզում եմ շեշտել, որ կարևոր է, որպեսզի ընտրական գործընթացում տեխնիկական նորամուծությունների ներդրումը կատարվի աստիճանական մոտեցմամբ՝ զուգակցելով մանրամասն փորձարկմամբ և լիակատար թափանցիկությամբ՝ որպես հանրային վստահության ձևավորման միջոց», - ասաց Կրիմերը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն ասաց՝ «Անկախ ընտրվելիք տեխնիկական լուծումներից՝ մեր գրասենյակը պատրաստ է շարունակել օժանդակությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թափանցիկ և խորհրդակցական գործընթացին, որը մենք համարում ենք կարևոր քայլ՝ ուղղված ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»: