ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված փորձնական հետազոտությունը բացահայտում է Հայաստանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի խնդիրները
Երևան, 24 դեկտեմբերի 2015թ. – Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանում չափահասների և երեխաների շրջանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի բացահայտումը բարելավելու նպատակով ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված փորձնական հետազոտության շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է՝ նպաստելու թրաֆիքինգին վերաբերող մարտահրավերներին դինագրավելու համատեղ ջանքերի ամրապնդմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպության ու ազգային փորձագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքում բացահայտվեց, որ հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի առումով առավել խոցելի են բազմանդամ և ֆինանսապես անապահով ընտանիքները:
Բացահայտումներն ավելի շատ վերաբերել են համաձայնեցված և փաստացի աշխատավարձերի չափի, աշխատանքային գրավոր պայմանագրերի բացակայության և աշխատանքից դուրս գալու պաշտոնական ընթացակարգերի հետ կապված խախտումներին, ինչպես նաև առանց պատշաճ փոխհատուցման արտաժամյա աշխատանքի և աշխատանքային օրենսգրքին հակասող աշխատանքային շահագործման հնարավոր դեպքերին, քան հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի ակնհայտ դրսևորումներին: Երեխաների իրավունքների բացահայտված խախտումների դեպքերը ներառում էին հարկադիր աշխատանքի տարրեր, որոնք պահանջում են համապատասխան մարմինների միջամտությունը:
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է ազգային կառույցներին՝ իրականացնելու թրաֆիքինգի դեմ պայքարում ԵԱՀԿ հանձնառությունները, և մեր գրասենյակը շարունակելու է կարևորել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի առկա մեխանիզմների բարելավմանն ուղղված գործունեությունը», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Այս ուսումնասիրության նպատակով հարցում է կատարվել 300 տնային տնտեսությունների շրջանում՝ բացահայտելու ելակետային տվյալներ այն մասին, թե որքանով են բնակչությունը և բնակչության առանձին հատվածներ խոցելի թրաֆիքինգի առումով, ինչպես նաև գնահատելու Երևանում, Արարատի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի հետ կապված խնդիրները: Այս փորձնական հետազոտությունը նաև նպատակ ուներ բացահայտել, թե որքանով են երեխաները՝ մասնավորապես նշված մարզերում երեխաների խնամքի և պաշտպանության, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խոցելի հարկադիր աշխատանքի և շահագործման առումով:
Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները՝ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարկադիր աշխատանքի և թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված պետական մարմինների և նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսումնասիրությունն իրականացրած ազգային փորձագետները քննարկեցին հետազոտության արդյունքներն այսօրվա շնորհանդեսի ընթացքում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կաջակցի աշխատանքային խմբին՝ ավարտելու թրաֆիքինգի դեմ պայքարի նոր՝ եռամյա պետական ծրագրի մշակումը՝ հաշվի առնելով ուսումնասիրության առաջարկությունները:
Զեկույցը հասանելի է հետևյալ հղումներով՝ https://www.osce.org/yerevan/212561 և https://www.osce.org/yerevan/212571: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ու պետությունների մշտադիտարկման և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակների կողմից: