ԵԱՀԿ-ն կազմակերպում է երիտասարդական բանավեճեր Հայաստանում
Երևան, 27 նոյեմբերի 2015թ. - Այսօր Երևանում սկսվել է ազգային բանավեճի մրցույթ՝ ԵԱՀԿ դերը անվտանգության ապահովման գործընթացում թեմայով, որը նվիրված է Հելսինկյան եզրափակիչ ակտի քառասունամյակին:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված մրցույթին մասնակցեցին քառասուն ուսանողներ՝ Հայաստանի յոթ բուհերից՝ ներառյալ Երևանից, Իջևանից, Գավառից, Գյումրիից, Գորիսից, Կապանից և Վանաձորից: Մրցույթն ուսանողներին հնարավորություն կընձեռի՝ կատարելագործելու իրենց հրապարակային խոսքի և բանավիճելու հմտությունները:
Մասնակիցները բաժանվել են հինգ մասնակցից բաղկացած ութ թիմերի: Լավագույն երկու թիմերը կհանդիպեն բանավեճի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա վաղը, և արդյունքում թիմերից մեկը հաղթող կճանաչվի: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ հանձնաժողովը կգնահատի մասնակից թիմերին:
«Ինձ համար բանավեճի մասնակցության գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կարողացա խնդիրները դիտարկել տարբեր տեսանկյուններից», - ասաց բանավեճի մասնակից Քաջիկ Հարությունյանն, ով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է. «բանավեճի ընթացքում ես սովորեցի օգտվել տեղեկատվության տարբեր աղբյուրներից, արագ և արդյունավետ հավաքել տեղեկատվություն, ինչպես նաև ներկայացնել տրամաբանական և դիպուկ փաստարկներ»:
Նախքան բանավեճն՝ ուսանողները ծանոթացել են ԵԱՀԿ պատմությանն ու գործունեությանը:
Համալսարանական բանավեճի ակումբներ են ստեղծվել Հայաստանի մարզերի վեց քաղաքներում և մայրաքաղաք Երևանում՝ խթանելու երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ մասնակցության միջոցով: