ԵԱՀԿ աջակցությամբ՝ տեղեկատվության ազատության «ոսկե բանալի» և «ժանգոտ կողպեք» մրցանակների հաղթողները հայտարարվեցին Երևանում
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի 2015թ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում, Հայաստանում առավել բաց կառավարման մարմիններին շնորհվեց տեղեկատվության ազատության խրախուսական ինը մրցանակ, իսկ մեկ առավել փակ պետական մարմին արժանացավ ոչ այնքան պատվավոր մրցանակի:
«Ոսկե բանալի» և «ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության անկախ ժյուրին գնահատել է Արդարադատության նախարարությանը որպես լավագույն բարեփոխիչ՝ տեղեկատվության ազատության ոլորտում: ՀՀ կառավարության աշխատակազմը գնահատվել է որպես կառույց, որը լավագույնս իրականացրել է Բաց կառավարման գործընկերության հանձնառությունները. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նվաճել է լավագույն համայնքային նախաձեռնության մրցանակը, իսկ Կոտայքի մարզպետարանը ճանաչվել է որպես առավել թափանցիկ պետական մարմին:
«Տեղեկատվության մատչելիության իրավունքը ամրագրված է ԵԱՀԿ բազմաթիվ փաստաթղթերում՝ որպես ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկը, որն ունի հսկայական ներուժ՝ խթանելու պետական կառույցների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: Նա նշեց, որ իր հիմնադրման օրվանից ի վեր՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համագործակցել է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ բարելավելու տեղեկատվության ազատության օրենսդիր և կիրարկման դաշտը. «Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ ողջունել բոլոր այն կառույցներին, որոնք ստացան «ոսկե բանալիներ» այսօր: Նաև խրախուսում եմ բոլորին լինել հետևողական՝ տեղեկատվություն ստանալու իրենց ջանքերում»:
Ի թիվս քաղաքացիական հասարակության հաղթողների՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ստացավ «ոսկե բանալի» տեղեկատվության հասանելիության իրավունքի ակտիվ կիրառման համար: Իրավաբան Արայիկ Ղազարյանը արժանացավ մրցանակի՝ որպես մարդու իրավունքների առավել հետևողական պաշտպան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն ու «Ազատություն» ռադիոկայանը ճանաչվեցին որպես տեղեկատվության ազատության հարցերի շուրջ ամենաակտիվ լուսաբանող ԶԼՄ-ներ: Գյուղատնտեսության նախարարության կայքը ճանաչվեց լավագույնը՝ տեղեկատվության մատչելիության առումով:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ և միջոցառման կազմակերպիչ Շուշան Դոյդոյանը նշեց, որ ավելի քան տասը տարիների ընթացքում մրցանակաբաշխությունը նպաստել է պետական մարմինների թափանցիկությանն ու հրապարակայնությանը՝ տեղեկատվության մատչելիության հետ կապված գործունեությունում. «Մրցանակաբաշխությունը դարձել է արդյունավետ միջոց՝ քննադատելու այն կառույցները, որոնք հանրության համար այնքան էլ բաց չեն և, միևնույն ժամանակ, գնահատանք արտահայտելու այն կառույցների գործունեության, որոնք աշխատում են բաց և թափանցիկ»:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշ համարվող «ժանգոտ կողպեք» տրվեց Արմավիրի քաղաքապետարանին՝ զավեշտալի պատասխան տրամադրելու համար:
Միջոցառումը կազմակերպվել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ՀԿ-ի կողմից՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համագործակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: