ԵԱՀԿ գրասենյակը նշում է Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարելիցը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի 2015թ. - ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ այսօր հավաքվեցին Երևանում՝ մասնակցելու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հիմնադիր փաստաթղթի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-րդ տարելիցի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը:
«Հելսինկյան գործընթացի՝ Սառը պատերազմն ավարտելուն ուղղված դերակատարությունը չի կարելի թերագնահատել: Սակայն 1990-ականների Արևելք-Արևմուտք փակուղու ավարտի հետ մեկտեղ՝ մենք ականատես եղանք անվտանգության նոր մարտահրավերների և հակամարտության նոր աղբյուրների սկզբնավորմանը», - ասաց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոն. «Անվտանգության համակարգի հիմքերը, որ ծառայել են մեզ այնքան երկար ժամանակ, այժմ վտանգված են: Մենք պետք է փնտրենք ստեղծագործական ուղիներ՝ հաղթահարելու բազմացող բաժանարարները, ներգրավվելու իմաստալից երկխոսության մեջ՝ անդրադառնալու անվտանգության հին ու նոր մարտահրավերներին: Հայաստանը կարող է և պետք է կարևոր դեր խաղա այս գործընթացում»:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «Հայաստանը սերտ համագործակցություն է ձևավորվել ԵԱՀԿ կառույցների, Երևանյան գրասենյակի հետ, որն այսօր Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունն է, ինչն ինքնին խոսուն կերպով ցուցադրում է միջազգային համագործակցության հանդեպ Հայաստանի վերաբերմունքը և տարածաշրջանային առկա իրողությունները: 1975թ. Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրեցին 35 երկրներ: Այժմ, ԵԱՀԿ-ն 57 մասնակից երկրների կազմակերպություն է: ԵԱՀԿ ընտանիքի այս էական աճը պայմանավորված է Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառմամբ: Հելսինկիի եզրափակիչ ակտով դեռ 40 տարի առաջ սահմանված և մեզ ժառանգված դրույթների անշեղ կիրառումը Եվրոպայում խաղաղության, անվտանգության և համակեցության կարևորագույն գրավականներից մեկն է հանդիսանում, հետևաբար դրա նկատմամաբ մշտական հոգածությունն ու ուշադրությունը առանցքային տեղ պետք է զբաղեցնի արդի միջազգային հարաբերություններում:»
Հելսինկյան եզրափակիչ ակտը, որ 1975 թ. օգոստոսի 1-ին ստորագրել են երեսունհինգ երկրների նախագահներ և վարչապետներ, դիտվում էր որպես մեծագույն քայլ սառը-պատերազմյան լարվածությունների թուլացման ուղղությամբ, և հանգեցրեց անվտանգության վերաբերյալ երկխոսության մշտական ֆորումի կազմավորմանը՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի՝ այժմ ԵԱՀԿ: Հելսինկյան եզրափակիչ ակտը ձևավորեց անվտանգության եզակի և համապարփակ սահմանում՝ ընդգրկելով ռազմա-քաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային ոլորտները՝ և հետագայում մասնակից պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների հետ մեկտեղ՝ շարունակում է ուղղորդել ԵԱՀԿ գործունեությունը: Տասը հիմնարար սկզբունքներն ուղղորդում են մասնակից պետությունների հարաբերությունը իրենց քաղաքացիների, ինչպես նաև միմյանց հետ:
Միջոցառման կապակցությամբ Հայփոստ ՓԲԸ՝ Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից պատրաստվել էր ԵԱՀԿ նամականիշով հատուկ ծրար, որը պաշտոնապես մարվեց հատուկ դրոշմակնիքով: Տարելիցին նվիրված հրատարակությունը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղերձներով, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ԵԱՀԿ-ի և երևանյան գրասենյակի գործունեության մասին հակիրճ տեղեկատվությամբ, ինչպես նաև լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվեցին միջոցառման ժամանակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության և մամուլի հարցերով պատասխանատու Գոհար Ավագյանին՝ gohar.avagyan@osce.org, հեռ.՝ (+374 10) 22 96 10 / 11/12/13/14 նրք.՝ 5406, բջջ.՝ (091) 436389: