ԵԱՀԿ-ն և իր միջազգային գործընկերները հանձնեցին համընդհարուր իրավունքների մրցանակները Հայաստանում
ԵԱՀԿ-ն և իր միջազգային գործընկերները 2015թ. հունիսի 4-ին տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանին հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը: «ԵԱՀԿ-ի վաղեմի գործընկեր Շուշան Դոյդոյանը միշտ եղել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անկոտրուն պաշտպան: Մեր գրասենյակը բարձր է գնահատում տիկին Դոյդոյանի նվիրվածությունը՝ բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման խթանմանը, ինչպես նաև նրա ջանքերը՝ ստեղծելու այլընտրանքային մեխանիզմներ՝ ԶԼՄ-ների հետ կապված խնդիրների լուծման համար»:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ստացավ «Խիզախ Կին» մրցանակը՝ կանանց իրավունքների պաշտպանության խթանման ու Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության աջակցության համար: Միջազգային գործընկերները նաև բարձր գնահատեցին լրագրող և Անմեղության հայկական ծրագիր ՀԿ-ի նախագահ Զարուհի Մեջլումյանի ջանքերը, ով ստացավ «Լրատվական գերազանցություն» մրցանակը՝ ցմահ դատապարտյալների իրավունքները պաշտպանելու և դրանք լուսաբանելու համար:
«Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին» տրվեց «Կառավարության բարեփոխումների առաջատարի» մրցանակը, որպես կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության լավագույն օրինակ: Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը ստացավ «Տեղական կառավարման բարեփոխումների առաջատարի» մրցանակը՝ իր նորարար և շրջակա միջավայրի պաշտպանությունը խթանող նախաձեռնությունների համար:
«Ներառման խթանում» մրցանակը, որ ներկայացվում էր առաջին անգամ, հանձնվեց Ունիսոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին՝ վերջինիս ջանքերի համար՝ ստեղծելու նոր հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար և կառուցելու առավել ներառական հասարակություն:
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ.-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները:
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության, Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Բրիտանական դեսպանության, Եվրախորհրդի երևանյան գրասենյակի և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ջանքերով: