Ոստիկանության և հասարակության միջև համագործակցության վերաբերյալ քննարկում Երևանում
Համայնքային ոստիկանության՝ հանցագործության կանխարգելման և հանրություն-ոստիկանություն գործընկերության ամրապնդման դերը 2015թ. հունիսի 4-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության (ԶՈՒԺՎ) Ժնևի կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված համաժողովի ուշադրության կենտրոնում էր:
Համաժողովին մասնակցեցին միջազգային և տեղի փորձագետներ, քաղաքացիական հասարակության և ոստիկանության ներկայացուցիչներ` քննարկելու համայնքային ոստիկանության ներդրումը և ոստիկանության՝ պետական և ոչ պետական հաստատությունների հետ համագործակցության լավագույն փորձը: ԵԱՀԿ քարտուղարության Ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի փորձագետը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց համայնքային ոստիկանության ԵԱՀԿ մոտեցումը, իսկ ԶՈՒԺՎ փորձագետները՝ եվրոպական երկրների իրավապահ մարմինների փորձը:
Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչները խոսեցին Հայաստանում համայնքային ոստիկանության հիմնական մարտահրավերների մասին, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փոխանակեցին իրենց՝ Հայաստանի ոստիկանության հետ գործընկերության ձևավորման փորձը: Միջոցառման ընթացքում քննարկվեց նաև լրատվամիջոցների դերը ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների ձևավորման գործընթացում:
Համաժողովին կհաջորդի աշխատաժողով՝ քննարկելու նմանատիպ հարցեր՝ ներառելով ՀՀ ոստիկանության միջին հրամանատար անձնակազմն ու Ոստիկանության կրթահամալիրի աշխատակազմը: