ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանի ամերիկյան համալսարանին տրամադրում է լաբորատոր սարքավորումներ

Մայիսի 21, 2015թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնին» նվիրաբերեց շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ:
Նշված սարքավորումներն արժեքավոր են շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանի վերաբերյալ ստույգ տվյալներ հավաքագրելու գործում: Հավաքված տվյալներն օգտագործվելու են ՀՀ քաղաքացիներին առողջապահական ռիսկերի մասին տեղեկացնելու և դրանք կառավարելու մասին խորհրդատվություն տրամադրելու համար:
Սարքավորումները հանձնվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Արմեն Դեր Կյուրեղյանին:
Նվիրաբերված փաթեթի մեջ ներառված են հողում ծանր մետաղների չափման անալիզատոր, ֆոտոմետրեր, ջրի ստուգման գործիք, լրացուցիչ հողի և ջրի ստուգումների միջոցներ:
Սարքավորումների նվիրաբերումը մաս է ավելի լայն ծրագրի՝ մի հանգանակության, որն իրականացրել է «Ուան Արմինիայի» (ONEArmenia) նախաձեռնությունն անցած տարի: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնին»՝ համայնքներում իրականացնելու հանքարդյունաբերական գործունեության արդյունքում առաջացած ծանր մետաղների աղտոտվածության մակարդակի չափման անկախ մշտադիտարկում:
«Ուան Արմինիայի» «Եկե՛ք պաշտպանենք Հայաստանը թունավոր աղտոտվածությունից» քարոզարշավի կարգախոսին ընդառաջ՝ ՀԱՀ «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնն» այս տարվա ընթացքում կիրականացնի թիրախային հետազոտություններ և ընդգրկուն գնահատումներ Հայաստանի 5 - 8 համայնքներում:
Առաջին հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 2015թ.-ի հունիսին: