ԵԱՀԿ-ն կազմակերպում է Հայաստանում խտրականության դեմ պայքարի թեմայով աշխատաժողով
Ս.թ. հոկտեմբերի 24-ին Երևանում կազմակերպված մեկօրյա աշխատաժողովի ընթացքում փաստաբաններն ու մարդու իրավունքների պաշտպանները քննարկել են խտրականության արգելման ոլորտում իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային գործիքները:
Աշխատաժողովն ուղղված էր ամրապնդելու փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ)՝ մասնավորապես խտրականությունը արգելող 14-րդ հոդվածի ներպետական կիրառման նպատակով: Այն կօգնի վերջիններիս առավել արդյունավետորեն վիճարկել և ապացուցել խտրականության դեպքերը թե՛ տեղական դատարանների, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մակարդակով:
Միջազգային փորձագետը կարճ անդրադարձ կատարեց Եվրոպայի խորհրդի խտրականությանը վերաբերող միջոցներին, իսկ տեղի փորձագետները մասնակիցներին ներկայացրեցին թե ինչպես վերջիններս կարող են արդյունավետ օգտագործել իրավական պաշտպանության ազգային միջոցները խտրականության դեմ: Մասնակիցները նաև փորձարկեցին իրենց գիտելիքները գործնականում՝ խմբային աշխատանքի ընթացքում:
Աշխատաժողովը որպես օգտակար հարթակ ծառայեց նոր փաստարկների փորձարկման համար և հորդորեց փաստաբաններին ու համապատասխանաբար դատավորներին ավելի հաճախ հղում կատարել ՄԻԵԿ-ին և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիային ազգային դատարաններում: Մասնակիցները ծանոթացան նաև 14-րդ հոդվածի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին, որ ներկայացրեց ՄԻԵԴ-ի գծով փաստաբանը:
Միջոցառումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի (ԵԽ), Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համատեղ նախաձեռնություն էր:
Այն իրականացվել էր Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի շրջանակներում: