ԵԱՀԿ-ն ներկայացնում է Հայաստանում անալոգայինից թվային հեռարձարկման անցնելու գործընթացի մասին զեկույցը
ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 16, 2014 թ – Այսօր Երևանում տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ պատրաստված՝ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացին վերաբերող զեկույցի շնորհանդեսը: Զեկույցում նշվում է, որ թեև տեխնիկական աշխատանքները ընդունված ժամանակացույցով են ընթանում, բավարար ջանքեր չեն գործադրվել բարձրացնելու հեռարձակման թվայնացման վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը և որ անապահով ընտանիքներին թվային կցուրդներ տրամադրելու կարգն անհստակ է:
Զեկույցը, որը պատրաստել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ, վերլուծում է ՀՀ կառավարության որոշումով հաստատված՝ «ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռարձակման համակարգի ներդրման ծրագրի» իրականացումը: Հայաստանը հանձնառություն է ստանձնել հեռարձակման ոլորտի թվայնացումն ավարտել մինչև 2015 թ. հուլիսի ամիսը:
Ուսումնասիրությունը վերաբերում է թվայնացման երեք բաղադրիչների՝ օրենսդրական, տեխնիկական և սոցիալական: Զեկույցը վերհանում է հեռարձակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ առկա բազմաթիվ բացեր: Դրանց թվում են՝ մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման գործընթացի մասին իրավական դրույթների բացակայությունը, ինչպես նաև հեռարձակման տարբեր տեխնոլոգիաների մասով անորոշությանը և այն ազդեցությանը, որը դա կարող է ունենալ երկրում մամուլի ազատության վրա:
«ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել թվային հեռարձակմանն առնչվող կարգավորման դաշտի բարեփոխումներին : Հեռարձակման մասին օրենքի նոր նախագիծը, որ մշակվել է մասնագիտացված մեդիա կազմակերպությունների կողմից, արտացոլում է ԵԱՀԿ փորձագետների կողմից արված առաջարկությունների հիմնական մասը», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժովովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյը: «Հավատացած եմ, որ այսօրվա քննարկումները հիմք կհանդիսանան քաղաքացիական հասարակության ու կառավարության միջև երկխոսության համար, երբ Հայաստանը գտնվում է դեպի թվային հեռարձակման համակարգին անցման կարևոր տեխնոլոգիական իրադարձության շեմին»:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց. «Զեկույցը ներառում է մի շարք առաջարկություններ թվային հեռարձակման անցնելու տեխնիկական ու սոցիալական ասպեկտների վերաբերյալ, որոնք պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն: Բացի այդ, ԵԱՀԿ աջակցությամբ հիմնված և գործընկեր կազմակերպություններից բաղկացած աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մշակվել և Խորհրդարան են ներկայացվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծ՝ ուղղված զեկույցում նշված օրենսդրական խնդիրների լուծմանը»:
Զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները կարող եք գտնել այստեղ՝. //www.osce.org/node/125552