ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստան այցի ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է անում, բարձրաձայնում բարեփոխումների աջակցության մասին
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի 2012թ. - ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն, ով այսօր պաշտոնական այցով Հայաստանում է, կարևորեց հրադադարի խիստ պահպանումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վրա և շփման գծում` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նախապայման և երաշխավորեց ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխման ջանքերին:
Զանյեն ասել է, որ ԵԱՀԿ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից խթանվող գործընթացին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` նպաստելու հակամարտության բանակցային խաղաղ կարգավորմանը և իր մտահոգությունն է հայտնել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում զարգացումների վերաբերյալ` հատկապես ճակատային գծին մոտ բնակվող քաղաքացիներին թիրախ հանդիսանալը:
<<Կա ակնհայտ անհրաժեշտություն` անհապաղ իրականացնելու միջոցառումներ, որոնք կկայունացնեն մտահոգիչ իրավիճակը և կկանխեն կյանքերի հետագա կորուստը, որ անընդունելի է>>, - ասաց նա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: << Երկու կողմերի համար անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հակահարվածի միջոցներից, որոնք կհանգեցնեն հետագա սրման, ինչպես նաև հեռացնել դիպուկահարներին շփման գծից` այս է իմ ուղերձը. որով ես նաև հանդես եկա Բաքվում>>:
Զանյեն ընդգծել է, որ վստահություն ձևավորող միջոցառումների խթանումը, այդ թվում` մարդկանց շփումները հակամարտության կողմերի միջև, որի շուրջ համաձայնել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում` ԵԱՀԿ առաջնահերթություն է:
Գլխավոր քարտուղարը նշեց` ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին Հայաստանի մասնակցության քսան տարին, որ լրացավ այս տարի, <<կարևոր հիմնաքար է>> և ողջունեց բարեփոխումների ուղին, որին երկիրը ձեռնամուխ է եղել:
<<ԵԱՀԿ - ն պատրաստ է լիովին աջակցել երկրին` իր կանոնակարգիչ, տնտեսական, ոստիկանության, դատական և ժողովրդավարական հիմնարար բարեփոխումներում, այդ թվում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, որը սերտորեն ներգրավված է բարեփոխումների գործընթացում>>, - նշել է նա:
Ողջունելով մայիսի 6 -ի խորհրդարանական ընտրությունների խաղաղ անցկացումը` Զանյեն նաև կարևորեց հաջորդ տարվա նախագահական ընտրությունների նախաշեմին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելության նշած թերություններին ժամանակին անդրադառնալը ` <<օգնելու բարելավել ընդհանուր վստահությունը գործընթացին>>:
Այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը կհանդիպի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Երևան այցով Գլխավոր քարտուղարն ավարտում է իր` Հարավային Կովկաս ուղևորությունը, որը սկսվել էր Բաքվում հուլիսի 8 - 9 - ին, որին հաջորդեց հուլիսի 9 – 11-ի այցը Թիֆլիս: