Կենսաչափական անձնագրերի օգտագործումը սահմանափակելու ահաբեկիչների տեղաշարժը՝ ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարի կիզակետում
ԵՐԵՎԱՆ, 2013թ. մայիսի 22 – Այսօր Երևանում մեկնարկած սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են ահաբեկիչների և հանցագործների համար կեղծ ճանապարհորդական փաստաթղթով սահմանը հատելու կանխարգելման ուղիները: Միջոցառումը հատկապես կենտրոնացած է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ՔԱՄԿ/ Հանրային բանալիների տեղեկատուի /ՀԲՏ/ վրա, որը տեխնոլոգիապես զարգացած համակարգ է ապահովելու կենսաչափական անձնագրերի ամբողջականությունը:
«Միկրոքարտերով կենսաչափական անձնագրերի ներդնումը կարևոր քայլ է ահաբեկիչների և հանցագործների կողմից ճանապարհորդական փաստաթղթերի կեղծումը դժվարեցնելու ուղղությամբ», նշեց Փոլ Պիկարդը՝ ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի ղեկավարը: «Կարևոր է, որ սահմանի վերահսկման աշխատակիցները կարողանան արագ և արդյունավետ ստուգել, թե արդյոք միկրոքարտը կեղծված է», ասաց նա, ավելացնելով, որ Հանրային բանալիների տեղեկատուն հենց այս հնարավորությունն է ընձեռում:
Երկօրյա սեմինարի անցկացումը հիմնվում է Գործողությունների ազգային ծրագրի վրա, որը 2009թ.-ին մշակվել է Հայաստանի Հանրապետության կողմից ԵԱՀԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի հիմնական կետերից է Հայաստանում էլ-անձնագրերի և ինքնությունը հաստատող էլեկտրոնային քարտերի ներդրումը:
Միջոցառմանը մասնակցում են մոտ 20 հայ ներկայացուցիչներ՝ սահմանապահ զորքերից, պետական ռեգիստրից և տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալություններից, որոնք կքննարկեն ՔԱՄԿ ՀԲՏ - ի տեխնիկական, վարչական և գործարկման խնդիրները: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի/Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ:
ԵԱՀԿ-ն անցկացրել է նմանատիպ սեմինարներ Ուզբեկստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և Ալբանիայում 2009 թ.-ից ի վեր, երբ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում ՔԱՄԿ ՀԲՏ խթանելու վերաբերյալ:
ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշումը ՔԱՄԿ ՀԲՏ վերաբերյալ //www.osce.org/cio/40706
Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի համառոտագիր՝ ՔԱՄԿ ՀԲՏ խթանելու մասին //www.osce.org/atu/73637