Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության աշխատանքները մեկնարկեցին
ԵՐԵՎԱՆ, 11 Հունվար, 2013 - Այսօր տեղի ունեցավ Հայաստանում՝ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով ժամանած ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկման մամլո ասուլիսը:
Առաքելությունը ժամանել է ՀՀ վարչապետի հրավերով:
Առաքելությունը ղեկավարում է դեսպան Հայդի Թալիավինին և բաղկացած է Երևան քաղաքում տեղակայված 13 միջազգային փորձագետներից, ինչպես նաև 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են ողջ երկրով: Ի հավելումն, ԺՀՄԻԳ հրավիրելու է 250 կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրությունների օրը, ինչպես նաև արդյունքների հաշվման գործընթացները հետևելու նպատակով:
Դիտորդները գնահատելու են նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, միջազգային այլ չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Դիտորդները մանրամասնորեն հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական և կառավարության համապատասխան մարմինների աշխատանքին, ուսումնասիրելու են ընտրական օրենսդրությունը, մեդիա միջավայրը և ընտրական վեճերի լուծման ընթացքը:
Որպես դիտարկման գործընթացի մի մաս, առաքելությունը հանդիպելու է նախագահական թեկնածուների, համապատասխան իրավասու մարմինների և քաղաքական կուսակցությունների, դատական համակարգի աշխատակիցների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ընտրության օրը դիտարկելու նպատակով ժամանած կարճաժամկետ դիտորդները ընդգրկվելու են թիմերում՝ կազմելով երկուական դիտորդ յուրաքանչյուր թիմում, և տեղաբաշխվելու են ողջ երկրով՝ տեղամասերի բացման, քվեարկության, քվեաթերթիկների հաշվման և ընտրության արդյունքների ամփոփման գործընթացները հետևելու նպատակով:
Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվելու է ընտրության հաջորդ օրը:
ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է իր վերջնական զեկույցը՝ ընտրական գործընթացների ավարտից երկու ամիս անց:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել ընտրությունների դիտորդական առաքելության լրատվական վերլուծաբան Իվան Գոդարսկիին հետևյալ հեռախոսահամարով՝ +374 96 377-141, և էլ փոստով՝ Ivan.Godarsky@odihr.am