Ըստ դիտորդների՝ Հայաստանի ընտրությունները մրցակցային են և մեծ մասամբ խաղաղ, չնայած այն թերությունների, որոնք խարխլել են գործընթացի նկատմամբ վստահությունը
Երևան, մայիսի 7, 2012 թ. – «Կիրակնօրյա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում հատկանշվել են ակտիվ և մեծ մասամբ խաղաղ քարոզարշավի դրսևորմամբ և հիմնականում լրատվամիջոցների հավասարակշռված լուսաբանմամբ, սակայն քվեարկողների վրա գործադրված ճնշումը, ինչպես նաև բողոքների քննարկման անկատար գործընթացը ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ», - ասացին միջազգային դիտորդները երկուշաբթի օրը:
Դիտորդները արձանագրել են քարոզարշավի մի միջավայր, որտեղ հանրահավաքների և խոսքի ազատությունները հիմնականում հարգվել են և թեկնածուները մեծ մասամբ ազատ քարոզելու հնարավորություն են ունեցել: Այնուամենայնիվ, քաղաքական կուսակցությունների և հասարակության մեծ մասի կողմից գործընթացի ամբողջականության նկատմամբ թերահավատությունը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս:
Ընտրությունները անցկացվել են նոր Ընտրական օրենսգրքով, որն ապահովում է ժողովրդավարական ընտրություններ իրականացնելու համար կայուն իրավական հիմք, սակայն շահագրգիռ մարմինները չեն իրականացրել նոր օրենքի կարևոր կողմերը, և այն եղանակը որով քննվել են ներկայացված բողոքները խարխլել է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի հիմքերը:
«Հայաստանն արժանի է գնահատվելու ընտրական ոլորտում իր բարեփոխումների, ինչպես նաև խաղաղ քարոզարշավ իրականացնելու համար, սակայն, այս մրցավազքում, շահագրգիռ որոշ կողմեր շատ հաճախ ձախողել են օրենքին համապատասխանելու պահանջը, մինչդեռ ընտրական հանձնաժողովները շատ հաճախ չեն կիրառել այն»,-ասաց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար՝ Ֆրանսուա-Խավիեր դե Դոննեան: «Արդյունքում, այն միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանը ազատորեն ստանձնել է, ոչ միշտ են հարգվել»:
Թեկնածուների գրանցման գործընթացը, ընդհանուր առմամբ ամբողջական էր: Չնայած ընտրողների գրանցման ընթացակարգերին առնչվող բարելավված օրենսդրությանը, ըստ դիտորդների, ընտրացուցակների հնարավոր չարաշահումը ընտրակեղծիքների համար ավելացրել են գործընթացի նկատմամբ թերահավատությունը:
«Վաթսուն տոկոսից ավել բարձր մասնակցությունը, տարբեր տարիքային խմբերի պատկանող քվեարկողների ներգրավումը, ինչպես նաև երիտասարդների և տարեցների՝ ընտրական գործընթացների հստակ ընկալումը տպավորիչ է, այնուամենայնիվ, քվեարկության ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի կառավարման, քվեարկողների շարժի և քվեները քվեատուփ նետելու ուղղությամբ որոշ քաղաքական կուսակցությունների լայնածավալ միջամտությունների վերաբերյալ հաղորդումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս», - ասաց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար՝ Վինթերբորնի Բարոնուհի Նիքոլսոնը: «Իշխանությունները պետք է հասցեագրեն այս անընդունելի վարքագիծը նախքան հաջորդ տարի անցկացվող նախագահական ընտրությունները»:
«Ես սրանից ավել չեմ կարող շեշտել, թե որքան կարևոր է տեսնել այս ընտրությունները և մեր նախնական եզրակացությունները ավելի լայն համատեքստում, դիտարկելով այն, որպես գործընթացի սկիզբ, այլ ոչ թե վերջ»,-ասաց Կշիշտոֆ Լիսեկը, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավարը: «Այսօր ներկայացվող նախնական մեր եզրակացությունները և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի վերջնական առաջարկությունները, հրապարակման պահից սկսյալ, պետք է ընկալվեն որպես նպատակ գալիք նախագահական ընտրություններում հասնելու համար»:
Քվեարկության օրը հիմնականում անց է կացվել հանգիստ և խաղաղ պայմաններում, բայց աչքի է ընկել կազմակերպչական խնդիրներով և գործընթացին հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անտեղի միջամտությամբ:
«Ընտրարշավը բաց էր և հարգում էր հիմնարար ազատությունները, և լրատվամիջոցները իրականացրել են պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածի լայնածավալ և հավասարակշռված լուսաբանում»,- ասաց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդականն առաքելության ղեկավար՝ Ռադմիլա Շեկերինսկան: «Ցավոք, ընտրացուցակների ճշգրտության և Ընտրական օրենսգրքի՝ անհավասար մրցակցային դաշտ ստեղծող խախտումների վերաբերյալ մտահոգութունները ստվեր են գցել այս ամենի վրա»:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Թոմաս Ռայմեր, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, +374 96 698024 կամ +48 609522266, thomas.rymer@odihr.pl
Նեյլ Սայմոն, ԵԱՀԿ ԽՎ, +374 96 245 623 կամ +45 60108330, neil@oscepa.dk
Բոգդան Տորկատորիու, ԵԽԽՎ, +374 98 355287 կամ +33 388 41 32 82, bogdan.torcatoriu@coe.int
Էմիլիա Գայեգո Պերոնա, ԵԽ, +374 96 697903 կամ +32 4989 81364, emilia.gallego@europarl.europa.eu