ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ -ը ներկայացնում է Հայաստանում միգրանտների ինտեգրման քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն
Հայաստանում մի շարք օրենքներ և քաղաքական որոշումներ կոչված են նպաստելու միգրանտների ինտեգրմանը հասարակության մեջ, սակայն լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկվել՝ հետագա բարեփոխումներ ապահովելու համար՝ եզրակացնում է գնահատման զեկույցը, որը պատրաստվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից՝ <<Միգրացիոն քաղաքականության խումբ>> (Migration Policy Group) ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ և որը հանրությանը ներկայացվեց 2013թ. հոկտեմբերի 23-ին Երևանում:
Գնահատման մեջ նշվում է, որ մշտական բնակության համար դիմելու և տեղական ընտրություններում քվեարկելու իրավունքից օգտվելու, ինչպես նաև երկքաղաքացիություն ստանալու հնարավորությունը օգնում են միգրանտներին և Հայաստանում նրանց միացած ընտանիքների անդամներին ինտեգրվել:
Միևնույն ժամանակ գնահատման զեկույցը եզրակացնում է, որ խտրականության բացառման օրենքի և հավասարության խթանմանը նպաստող անկախ գործակալության բացակայությունը մարտահրավերներ է առաջացնում ներգաղթողների համար: Հաճախ նաև զգացվում է պետական նպատակային աջակցության պակաս՝ օգնելու ներգաղթածներին գտնել աշխատանք, ներգրավելու նրանց քաղաքական որոշումների կայացման գործընթացներում, իսկ նրանց երեխաներին՝ կրթական համակարգում:
<<Նկատի ունենալով դեպի Հայաստան և Հայաստանից բնակչության տեղաշարժի խնդիրների կարևորությունը՝ այս զեկույցը պետք է օգտակար գործիք դառնա՝ պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ որոշելու միգրացիոն կառավարման ոլորտում մեր հետագա գործունեության ուղղությունները>>, — նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը զեկույցի շնորհանդեսին նվիրված քննարկման ընթացքում:
<<Միգրանտների ինտեգրման աջակցությունը դեռևս համեմատաբար նոր երևույթ է ԵԱՀԿ մասնակից շատ պետությունների համար>>, - նշեց ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղակալ Նատալի Թագվերքերը. <<Այս զեկույցը Հայաստանի իշխանություններին տրամադրում է օրենսդրության հետագա զարգացման և բարելավման, ինչպես նաև՝ միգրանտների ինտեգրման ոլորտում քաղաքական կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու լավ հիմքեր՝ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան>>:
Գնահատման զեկույցը պատրաստվել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով: Այն պատրաստվել է <<Միգրացիոն քաղաքականության խմբի>> կողմից մշակած <<Միգրանտների ինտեգրման քաղաքականության համաթվի>> ( MIPEX) մեթոդաբանության հիման վրա : Չափորոշիչներն արտացոլում են ԵԱՀԿ համապատասխան բոլոր հանձնառությունները և ուղղակիորեն հիմնվում են այլ միջազգային չափանիշների վրա: Մինչ օրս <<Միգրանտների ինտեգրման քաղաքականության համաթվի>> ( MIPEX) գնահատումն իրականացվել է ԵԱՀԿ երեսուներկու մասնակից պետությունում: