Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերով
ՎԻԵՆՆԱ, 14 փետրվարի 2014թ. – Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն հայտնեց փետրվարի 12-ին Երևանում հանրային ակցիան լուսաբանելու ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերով:
«Լրագրողի նկատմամբ բռնությունն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոստիկանության աշխատակիցները, ովքեր պարտավոր են աջակցել և պաշտպանել լրագրողներին, ուժ են կիրառել նրանց դեմ», - Միյատովիչը գրել է ՀՀ իշխանություններին ուղղված գրության մեջ:
Ըստ հաղորդումների՝ համապատասխանաբար «Չորրորդ իշխանություն» թերթի և iLur.am լրատվական պորտալի լրագրողներ Անի Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը ոստիկանների կողմից հարձակման և բերման էին ենթարկվել ու քիչ անց ազատ արձակվել: Ոստիկանությունում գտնվելու ընթացքում ոստիկանները խուզարկել են լրագրողներին և նրանց տեսախցիկներից ջնջել բոլոր տեսանյութերը:
«Ես կոչ եմ անում իշխանություններին միջադեպի կապակցությամբ իրականացնել մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն ու անել հնարավոր ամեն ինչ՝ հետագայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության անհարիր վարքագիծը կանխելու համար», - գրել է Միյատովիչը:
Դեկտեմբերին Միյատովիչը իշխանությունների մոտ բարձրացրել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վարդան Մինասյանի գործը, որը ըստ հաղորդումների բերման և բռնություն էր ենթարկվել ոստիկանների կողմից Երևանում հանրահավաքի լուսաբանման ժամանակ: