“Դիպուկահարները պետք է հեռացվեն` շփման գծում հետագա միջադեպերից խուսափելու համար,” ասում է ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան այցի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի 2011թ. – ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը այսօր Երևանում հորդորեց իշխանություններին աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց հասնելու ուղղությամբ և երկու կողմերին էլ կոչ արեց անմիջապես հեռացնել դիպուկահարներին շփման գծից:
Նա նաև առաջարկեց ԵԱՀԿ աջակցությունը տեղի բարեփոխումները խթանելու նպատակով, մասնավորապես երաշխավորելու համար մամուլի, հավաքների և միավորումների ազատությունը:
“Ես ողջունում եմ երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմագերիների փոխանակումը, որ իրականացվել էր երկու նախագահների համաձայնության հետևանքով: Ցավոք, ըստ հաղորդումների սրան հաջորդել է ևս մեկ միջադեպ շփման գծում”, - ասաց Աժուբալիսը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: “Ինչպես ես ընդգծել էի թե’ Երևանում, թե’ Բաքվում իմ ունեցած հանդիպումների ժամանակ, այս միջադեպերը վերահաստատում են իմ այն համոզմունքը, որ կողմերը պետք է հեռացնեն դիպուկահարներին շփման գծից:”
Նա հավելեց. “Մենք պետք է ուժեղացնենք հրադադարի ռեժիմը և շարունակենք իրականացնել վստահությունը ձևավորող միջոցառումներ: Որևիցե կողմ չի կարող շահի ներկա իրավիճակից, թե’ ռազմականորեն, թե’ քաղաքականորեն: Հորդորում եմ կողմերին հարգել ուժի սպառնալիքի կամ կիրառման իրենց խոստումները: Ես նաև ակնկալում եմ, որ կողմերը կհետաքննեն շփման գծում տեղի ունեցած միջադեպերը, ըստ Սոչիում մարտի 5-ին ձեռք բերված պայմանավորվածության”:
“Բոլոր կողմերը համաձայնել են, որ չկա որևէ ընդունելի այլընտրանք, քան հակամարտության խաղաղ կարգավորումը: Մինսկի խմբի համանախագահների կողմից ղեկավարվող կարգավորման գործընթացը ապահովում է երկխոսությունը, բայց այժմ եկել է ժամանակը, որպեսզի առաջնորդները բանակցային գործընթացում հասնեն իրական առաջընթացի”:
Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման խթանումը 2011 թ. ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության առաջնային խնդիրներից է:
Աժուբալիսը այսօր հանդիպելու է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Նա երեկ հանդիպել է նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակազմի հետ:
“Հայաստանը և Հարավային Կովկասը կարևոր են ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության և կայունության համար”, ասաց նա: “Ես ողջունում եմ Հայաստանի կողմից հռչակված խորքային կանոնակարգիչ, դատական և ժողովրդավարական բարեփոխումները: Ես նաև ողջունում եմ բարձր մակարդակի համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ, որն առաջարկում է անմիջական աջակցություն բարեփոխման գործընթացին: Այն ներառում է բարեփոխումներ` մյուս տարի խորհրդարանական ընտրություններից ընդառաջ` ապահովելու լայն քաղաքական մասնակցություն և հարգանք` մամուլի, հանրահավաքների և միավորումների ազատության նկատմամբ:”
“ԵԱՀԿ-ն, իր երևանյան գրասենյակը և այլ հաստատությունները, այդ թվում` ԶԼՄ-ների ազատության ներկայացուցչի և Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակները, պատրաստակամ են շարունակելու ցուցաբերել աջակցություն Հայաստանին իր ջանքերում”, հավելեց նա:
Երևանում իր հանդիպումների ընթացքում Գործող նախագահը կներկայացնի 2011 թ. Լիտվայի նախագահության առաջնային խնդիրները, այդ թվում`տարածաշրջանի ձգձգված հակամարտությունների կարգավորման առաջընացը, մամուլի ազատության, էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային համագործակցության խթանումը, մասնավորապես սահմանների կառավարման և անդրազգային վտանգների դեմ պայքարի հարցերում:
Աժուբալիսը նաև կքննարկի դեկտեմբերին Աստանայի գագաթաժողովին նախագահների և կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված հռչակագրին հաջորդող գործընթացը: Հռչակագրում ԵԱՀԿ մասնակից պետությունները վերահաստատել են իրենց պարտավորությունները անվտանգության բոլոր ուղղություններով` ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական և մարդկային:
Հայաստանով ավարտվում է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկաս, որին նախորդել են շաբաթվա սկզբում Ադրբեջան և Վրաստան կատարած այցերը: