ԵԱՀԿ-ն սկսում է դատախազության համակարգի բարեփոխումների ծրագիր Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի 2011թ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր ստորագրեցին Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների ոլորտում համագործակցության համաձայնագիր:
Համաձայնագրով` փոխըմբռնման հուշագրով ԵԱՀԿ-ն կաջակցի դատախազությանը համապատասխան օրենսդրությունը և դրա իրականացումը միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանեցնելու, ինչպես նաև դատախազության աշխատակիցների կարողությունները զարգացնելու հարցում: Հուշագրով նաև նախատեսվում է բարեփոխումների գործընթացի անկախ գնահատում` առաջարկություններով և հետագա քայլեր դատախազության աշխատանքների արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու ուղղությամբ:
«Դատախազները առանցքային դեր են խաղում արդարադատության իրականացման և արդար դատավարության ապահովման գործում: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կխթանի քրեական արդարադատության բարեփոխումները ու կամրապնդի հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասաց Կապինոսը ստորագրման արարողության ժամանակ:
«Հայաստանի դատախազության համակարգը երեք անգամ ենթարկվել է բարեփոխումների: Վերջին բարեփոխման հիմքը դրվել է 2007 թվականին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, որի կիրառման ընթացքում արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ: Միջազգային փորձագետից ակնկալվում է ոչ միայն մասնագիտական կարծիք՝ կատարված բարեփոխումների վերաբերյալ, այլ նաեւ խորհրդատվություն՝ միջազգային փորձի հիման վրա օրենսդրական դաշտը կատարելագործելու, բարեփոխումները շարունակելու համար»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Որպես առաջին քայլ` ԵԱՀԿ միջազգային փորձագետը կպատրաստի դատախազության դերի և գործառույթների վերլուծություն: Փորձագետը հաշվի կառնի եվրոպական համապատասխան չափանիշները և ԵԱՀԿ տարածաշրջանի լավագույն փորձը ու առաջարկություններ կկատարի, թե որ ոլորտների վրա պետք է ծրագիրը կենտրոնացած լինի: